Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հալեպը կարող է շունչ քաշել»

«Հալեպը կարող է շունչ քաշել»
17.02.2016 | 14:49

Ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի նոր հրթիռակոծման հետևանքով ավերվել են շենքեր, եղել են մարդկային զոհեր: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայ արձակագիր ՄԱՐԻԱՆԱ ՊԷՐԹԻԶԼԵԱՆ-ՂԱԶԱՐԵԱՆՆ ասաց, որ անցնող մի քանի օրերին նորից մղձավանջային գիշերներ են ունեցել` մի քանի շենքերի փլուզումի, գազի տակառների ավերումի և հրթիռների պատճառով. «Եղել են նաև զոհեր, վիրավորներ, որոնցից մեկը հայ էր: Քանդվել է Սիրիահայ օգնության Խաչի բժշկական կենտրոնը: Ջրի և էլեկտրաէներգիայի երկարատև բացակայությանն առընթեր բարդացել է իրավիճակը` ստեղծելով սարսափազդու իրավիճակ»:

Արձակագիրն իրեն բնորոշ լավատեսությամբ հավելեց, որ ցուրտ ձմեռից հետո եկող գարունը նոր հույս ու ոգի է ներշնչում սիրիացիներին. «Էլեկտրակայանի ազատագրման ավետիսը երկու տարվա բռնագրավումից հետո իբրև մեծ իրադարձություն ու շրջադարձային նոր իրողություն էր, ինչպես որ Թել-Ռիֆադ բարձունքի ազատագրումը թուրքական իսլամիստական ներկայությունից: Առաջխաղացումը ակնհայտ է` քրդական զինված ուժերի մասնակցությամբ և օգնությամբ, որոնք աջակցում են պետական զորքին` մարտեր մղելով ցամաքի վրա: Միասնաբար փորձում են ազատագրել Հալեպի արվարձաններից Հոլլիք և Բաիդին շրջանները: Իսկ ռուսական օդուժի օգնությամբ մեծ փոփոխություններ են արձանագրվում Հալեպի շրջակա գավառներում»:
Մարիանա Պէրթիզլեան-Ղազարեանը համոզված է, որ եթե ամբողջությամբ ազատագրվի Հալեպի մոտակա Պանի Զեյտ շրջանը, որտեղից կործանարար հարվածներ են արձակվում, Հալեպը կարող է շունչ քաշել:

«Ամեն գիշեր իրեն հաջորդող արշալույսն ունի: Այսօր տանս պատշգամբին, երբ փոքրիկ կապույտ ծաղիկներ նկատեցի, կարծես թե մի պահ ամեն բան նոր ու լուսավոր թվաց: Հույսը ամոթով չի թողնում»,- իր խոսքն այսպես եզրափակեց արձակագիրը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ